ԱՐԽԻՎ Arian AMU, Arial AMU
eng  rus

Ապրիլ, 2015թ.: Ապրիլի սկզբին Հայաստանում Թուրքմենստանի Դեսպանատունը հայտարարեց մանկական նկարների մրցույթ` թուրքմենական թեմաներով: Մրցույթին մասնակցեցին 46 երեխաներ, ովքեր ուսանում են Ազգային գեղագիտական կենտրոնի նկարչության ստուդիաներում: Ընտրված աշխատանքների թվում է նաև Զինվորի Մայր կազմակերպության "Արտ-Թերապիա" ծրագրի մասնակից 7-ամյա Յուրա Ղուլյանի աշխատանքը, որն էլ արժանացավ խրախուսական մրցանակի և հիշարժան նվերի: Բոլոր երեխաների աշխատանքները տպագրվեցին առանձին կատալոգի տեսքով և նվիրվեցին մասնակիցներին: Սրտանց շնորհավորում ենք Յուրային իր առաջին միջազգային մրցանակի կապակցությամբ:

 
 

Ապրիլ, 2015թ.: Կիրառական արվեստի դասերը զինծառայողների երեխաների հետ "Արտ-Թերապիա" ծրագրի շրջանակներում:

 

Մարտ, 2015թ.: Կիրառական արվեստի դասերը զինծառայողների երեխաների հետ շարունակվում են:

 

Մարտի 8, 2015թ.

 

Փետրվար, 2015թ.: Կիրառական արվեստի դասերը զինծառայողների երեխաների հետ արդյունավետ են: Ուսուցիչների հետ աշխատում են նաև հոգեբան կամավորականները:

 

Հունվար, 2015թ.: Հունվարի 1-ից մեկնարկել է կրթական ծրագիր, որի շրջանակներում զինվորականների ընտանիքների ֆիզիկական հատուկ կարիքներ ունեցող 30 երեխաներ հնարավորություն կստանան մասնակցելու Ազգային գեղագիտական Կենտրոնի դասընթացներին

 
 
 

Դեկտեմբերի 10, 2014թ.: Հայաստանի "Զինվորի մայր" հասարակական կազմակերպությունը 2015 թվականի հունվարի 15-ից սկսում է նոր կրթական ծրագիր, որի շրջանակներում զինվորականների ընտանիքներում ապրող և դաստիարակվող ֆիզիկական կարիքներ ունեցող երեխաների համար կկազմակերպվի անվճար ուսուցում Երևանի ճանաչված ստեղծագործական ստուդիաներում և արվեստի դպրոցներում: 
Ստեղծագործական հմտություններից բացի երեխաները կստանան նաև իրենց տարեկիցների հետ առավել շփվելու և հասարակական կյանքին իրենց ակտիվ մասնակցությունը ցուվաբերելու հնարավորություն:
Մանրամասներն իմանալու և գրանցվելու համար զանգահարել 010 597092 հեռախոսահամարով ժամը 11.00-15.00, բացի հանգստյան օրերից:

Նոյեմբեր, 2014թ.: ՓԱՌՔ Ձեզ պարոնայք սպաներ, հավերժ փառք:
Լուսանկարում ուղղաթիռի անձնակազմն է` մայոր Սերգեյ Սահակյան, լեյտենանտ Ազատ Սահակյան, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան:
«Ադրբեջանի հանրապետության բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի համաձայն` ուղղաթիռի և՛ խոցումը, և՛ խոցումից հետո համապատասխան միջոցառումների կատարումից հրաժարվելը, ստիպել է պաշտպանության բանակի ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների»,- այս մասին ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նոյեմբերի 10, 2014թ.: Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի զարգացումը և ստորին վերջույթների անդամահատումները կանխարգելելու նպատակով "Զինվորի մայր" հասարակական կազմակերպությունը "Կումուրյան պոդիատրիկ կլինիկա"-ի հետ համագործակցության շրջանակներում ս.թ. նոյեմբերի 15-ից զինծառայողների ընտանիքների անդամների համար հայտարարում է առողջության միամսյակ:
Այս կապակցությամբ Կումուրյան պոդիատրիկ կլինիկայում կիրականացվի ոտնաթաթի անվճար սկրինինգ 50-ից բարձր տարիքի շաքարային դիաբետով հիվանդների, ինչպես նաև ոտնաթաթի այլ խնդիրներ ունեցող և պրոֆիլակտիկ հետազոտում անցնելու անհրաժեշտություն զգացողների համար: Մեր շահառուների համար հետագա բուժումը, վիրաբուժական և այլ կարգի ծառայությունները կմատուցվեն 10% զեղչով: Այս առաջարկից օգտվելու համար զանգահարեք 010 523202, 010 597092 հեռախոսահամարներով կամ այցելեք մեր գրասենյակ` Խանջյան 5, 111 սենյակ հասցեով:

Հոկտեմբերի 18, 2014թ.: "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության շրջայցը ՀՀ ՊՆ զորամասերում

 
 

Հոկտեմբերի 11, 2014թ.: Ճամբարակ քաղաքում տեղի ունեցավ "Զինվորի մայր" ՀԿ կողմից իրագործվող "ԻՐԱՎԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ" ծրագրի շնորհանդեսը: Միջոցառման գործընկերներն են "Արեգունի" տարածքային ՀԿ-ն և Ճամբարակ քաղաքի քաղաքապետարանը:
Շնորհանդեսի պաշտոնական մասից հետո կայացավ իրավական դպրոցների գործընկերների ուժերով կազմակերպված "Օրենքը երեխաների և տիկնիկների լեզվով" թատերական բեմականացումը, որն ուղղված է օրենքի իմացությանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը և բնակչության ազգային խրոխտ ոգին ամրապնդելու նպատակին:

 

Հոկտեմբերի 3, 2014թ.: "Զինվորի մայր" ՀԿ կողմից կազմակերպված` "ԻՐԱՎԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ" ծրագրի շրջանակներում կայացավ աշխատանքային հանդիպում Ճամբարակում, որին մասնակցեցին Սաղմոսավանի և Ճամբարակի դպրոցների ղեկավարներն ու քննարկեցին ծրագրի շնորհանդեսին ներկայացվող բեմադրության մանրամասները:

 

Սեպտեմբերի 20-22, 2014թ.: "Զինվորի մայր" կազմակերպության ծրագրերի համակարգող Աննա Ռաչկոն մասնակցեց Ծաղկաձոր անցկացված ուսուցողական սեմինարին, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 

Օգոստոսի 8, 2014թ.: ՊՆ հասարակական խորհուրդը պատրաստ է աջակցել համախմբմանը.
Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին:

Այդ մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հայտարարության մեջ: «Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն: Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ ոգին, ցուցաբերեցին հայրենասիության եւ խիզախության արժանի օրինակներ: Ցավոք, ունեցանք զոհեր: Մենք խոնարհվում ենք մեր զոհված հերոսների թարմ շիրիմների առջեւ եւ հպարտությամբ կպահենք նրանց հիշատակը մեր սրտերում: Ադրբեջանն անթաքույց վարում է ուժի դիրքերից հանդես գալու քաղաքականություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսեւորումներ է ունենում: Այլեւս ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի եւ սաստի Ադրբեջանին:
Պատմությունն արձանագրել է թողտվության եւ «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության ծանր հետեւանքները: Այժմ դա չպետք է կրկնել: Մենք ողջունում ենք հայրենիքի պաշտպանության եւ հայոց բանակին սատարելու գաղափարի շուրջ այս օրերին տեղի ունեցող հասարակական լայն համախմբումն ու համերաշխության դրսեւորումը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը: Մեր հասցեն է` Երեւան, Մոսկովյան 5, հեռախոսներ` 010 52 34 82, 010 52 34 86»,- ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 3, 2014թ.: ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունը.
Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից:
Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել են: ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների: Ցավոք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին և հայ հասարակությանը կոչ է անում ՀՀ զինված ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողությունների շնորհիվ է, որ հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ է կրել: ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից: Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ:

Հունիսի 27, 2014թ.: "Զինվորի մայր" ՀԿ կողմից կազմակերպված` "ԻՐԱՎԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ" ծրագրի շրջանակներում ստեղծված Ճամբարակի ռեսուրս կենտրոնը համագործակցում է տեղի "Արեգունի" ՀԿ-ի տիկնիկային թատրոնի հետ: Պարաստվում են բեմադրել ներկայացումներ իրավական թեմաներով` շահերի և իրավունքների պաշտպանության գաղափարը հայկական հեքիաթների միջոցով:

 

Հունիսի 13, 2014թ.: ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության "Էպիկենտրոն" ծրագրի հյուրն էր "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ պաշտպանության Նախարարին առընթեր Հասարակական Խորհրդի անդամ Անահիտ Հովնանյանը:

Հունիսի 17, 2014թ.: Ավարտվեց "Զինվորի մայր" ՀԿ կողմից "ԻՐԱՎԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ" ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսուցողական սեմինարների շարքը, որոնց արդյունքում ստեղծվեցին 4 իրավական դպրոցներ մարզերում և 4-ը` Երևանում: Հաջող աշխատանք ենք մաղթում բոլոր ռեսուրս կենտրոնների կամավորներին:

 
 

Ապրիլի 1, 2014թ.: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման, զինված ուժերում հոգեբանական ծառայության զարգացման և դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, կադրային քաղաքականության հարցեր և այլ խնդիրներ:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է ներկա փուլում պաշտպանական քաղաքականության և զինված ուժերի զարգացման առանցքային խնդիրները, ընդգծել է Հասարակական խորհրդի դերը հասարակական կարծիքի և խնդրահարույց հարցերի անաչառ ներկայացման, լուծումների առաջարկման, բանակի-հասարակության շփումների ու համագործակցության ընդլայնման, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման առումով: Համակողմանի անդրադարձ է կատարվել զորակոչի գործընթացին: Հասարակական որհուրդն իր զորակցությունն է հայտնել գործընթացի որակական բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներին, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով իրականացվող գործուն և վճռական քայլերին, ընդգծվել են նախքան զորակոչը զորակոչիկների պատվաստումների և ծառայության բաշխումը վիճակահանությամբ կատարելու որոշումների կարևորությունը:
Խորհրդի անդամների կողմից առաջարկներ են ներկայացվել զինված ուժերում իրականացվող հոգեբանական աշխատանքների բարելավման, վիճակահանության գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանման, զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովման վերաբերյալ: Ներկայացված առաջարկների ուղղությամբ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:


Մարտի 12-14, 2014թ.: "ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ" ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ "ԻՐԱՎԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ" ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին սեմինարը.
Սեմինարը վարեցին կազմակերպության փորձագետները` զինվորական օրենսդրության և ռազմական բժշկության ոլորտի այն մասնագետների օգնությամբ, որոնք մասնակցել են զոչակոչի ընթացքին: Քննարկվեցին առողջապահական հարցեր, զորակոչիկների հետազոտման և փորձաքննության խնդիրներ: Ուսուցման մասնակիցները դրական են գնահատել սեմինարը, իսկ գործակցող կազմակերպությունները` ուսանելի:

 
 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. 2013թ. դեկտեմբերի 2-ից սկսված աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդի աշխատավայրում:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52 34 82, 010 52 34 86 հեռախոսահամարներով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


Սեպտեմբերի 14 ,2013թ.: ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ Պաշտպանության Նախարարին առընթեր Հասարակական Խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։
Նիստի ընթացքում ամփոփվեցին անցած մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհրդի գործունեության, ինչպես նաև Հասարակական խորհրդի հովանու ներքո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները։ Ամփոփելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում կարևորեց Հասարակական խորհրդի կատարած աշխատանքները, ինչպես նաև զորակոչային հանձնաժողովի գործունեությունը։
Նիստին մասնակցում էր նաև "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության նախագահ, Հասարակական Խորհրդի անդամ Անահիտ Հովնանյանը:

 

 

Սրտանց շնորհավորում ենք "Զինվորի Մայր" կազմակերպությանն առընթեր գործող ուսումնական կենտրոնի այն շրջանավարտներին, ովքեր բարձր միավորներով հանձնել են ընդունելության քննություններն ու ստացել են իրավունք շարունակելու ուսումնառությունը ՀՀ հեղինակավոր բուհերում:
ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ՁԵԶ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ
!!!

1. Այվազյան Արփինե Նվերի, ԵՊՀ, կենսաքիմիա, պետպատվեր
2. Սերոբյան Հայկ Արմենի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, փիլիսոփոյություն, պետպատվեր
3. Կարապետյան Լուսինե Արսենի, ԵՊՀ, կենսաքիմիա, պետպատվեր
4. Հարությունյան Մարիամ Վահագնի, Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ, բուժական ֆակուլտետ
5. Գրիգորյան Սոնա Կարենի, Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ, բուժական ֆակուլտետ
6. Աբրահամյան Սվետլանա Գևորգի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ, հագուստի մոդելավորում
7. Ավագյան Գոհար Սեմյոնի, ԵՊՀ, ֆիզմաթեմատիկա
8. Պողոսյան Սիրանուշ Արտակի, Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ, բուժական ֆակուլտետ
9. Հակոբյան Լաուրա Մկրտչի, ԵՊՀ, արևելագիտություն-թրքագիտություն
10. Բաղդասարյան Վահե Մովսեսի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, փիլիսոփայություն
11. Տեր-Գրիգորյան Լիանա Արսենի, Վ, Բրյուսովի անվան ՊԼՀ, լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն
12. Բարսամյան Արսեն Լևոնի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ, կերպարվեստ և գծագրություն
13. Ալթունյան Ասյա Սամվելի, ԵՊՀ, կովկասագիտություն
14. Մարտիրոսյան Մելինե Գոռի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ, ռեժիսուրա
15. Հովհաննիսյան Կարո Ռաֆայելի, ԵՊՀ, եկեղեցաբանություն
16. Քամալյան Տաթևիկ Արմենի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ
17. Ավագյան Աշոտ Արմենի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ, նկարչություն
18. Խաչատրյան Շուշան Պողոսի, Երևանի Հայբուսակ համալսարան, օտար լեզուներ
19. Պետրոսյան Մարիամ Վլադիմիրի, Երևանի Հայբուսակ համալսարան, դեղագործություն
20. Խալաթյան Աննա Կարենի, Երևանի բժշկական քոլեջ, բուժական ֆակուլտետ

 

2013թ. մայիսի 16-17-ը Կիև քաղաքում "Հասարակությունը և բանակը" իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային ցանցի նախաձեռնությամբ կազմակերպվեց աշխատանքային հանդիպում և Կլոր սեղան` "ԱՊՀ տարածքում զորակոչիկների, զինծառայողների և այլընտրանքային ծառայողների իրավունքների պաշտպանության խնդիրները" խորագրով:

Միջոցառումներին, որոնց անմիջական կազմակերպիչն էր Քաղաքացիական ազատությունների Կենտրոնը (Ուկրաինա), մասնակցում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Մոլդովայի, Ղրղզստանի և Տաջիկստանի "Ռեսուրս Կենտրոնների" ղեկավարներն ու փորձագետները, ԵԱՀԿ / Մարդու իրավունքների Կենտրոնի ներկայացուցիչը, Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականներ, լրագրողներ և այլոք: Միջոցառմանը մասնակցում էր "Զինվորի մայր" կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը:


ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2013թ. ապրիլի 25-ին տեղի ունեցան "Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները" թեմայով խորհրդարանական լսումներ:
Ելույթ ունեցան ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահրամ Բաղդասարյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը,
"Զինվորի մայր" ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը:

Անահիտ Հովնանյանն անդրադարձավ խնդրի կարգավորմանն ուղղված իրենց կազմակերպության գործունեությանը, այնուհետեւ մտահոգություն հայտնեց օրենքում մի շարք դրույթների անկատարության կապակցությամբ, որոնք վերաբերում են աշխատանքային ծառայության տարբեր հարաբերություններին, հանձնաժողով դիմում ներկայացնելու եւ բողոքարկման ձեւերի բացակայությանը:
Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովում օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հաշվի կառնվեն նախագծերի վերաբերյալ հնչած առաջարկները:


2013թ. ապրիլի 3-ին "Զիվորի Մայր" կազմակերպության գրասենյակում կազմակերպվեց նախատոնական հավաք կազմակերպության նոր անդամների հետ:
ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը նրանց հանձնեց անդամության վկայականները:

 
 

Իրագործվեց "Զինվորների մայրերի հանդիպում" ծրագրի առաջին փուլի վերջին միջոցառումը, որը տեղի ունեցավ 2012թ. օգոստոսի 29-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
Միջոցառմանը ներկա էին ծառայող զինվորների անդամներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև տարածաշրջանում ստեղծված ներկա իրադրությանը վերաբերող որոշ հարցեր:

 

"Զինվորների մայրերի հանդիպում" ծրագրի շրջանակներում 2012թ. օգոստոսի 22-ին կազմակերպվեց հանդիպում Ճամբարակի սահմանամերձ տարածաշրջանից զորակոչված զինվորների ծնողների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին ռազմական կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հնարավորությունները:

 

2012թ. հունիսի 8-ին "Հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ" սեմինար անցկացվեց Ստեփանավան քաղաքում: Սեմինարը վարում էին "Զինվորի Մայր" կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը և ծրագրի մասնակից Նելլի Մինասյանը: Այս անգամ սեմինարի մասնակիցներն էին Ստեփանավանում և շրջակա գյուղերում բնակվող զինվորների մայրերը: Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին դասախոսություն հանդուրժողական դաստիարակության վերաբերյալ, մասնակցեցին թեմատիկ խաղերին, քննարկեցին տարածաշրջանում տիրող իրավիճակի և հետագա համակեցության վերաբերյալ բազմաթիվ հարցեր:

 

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում անցկացված "Բաց նամակ Հարավային Կովկասում ապրող իմ ընկերոջը" մրցույթի հաղթողների հետ 2012թ. մայիսի 29-ին հանդուրժողականության "Բաց Դաս" անցկացվեց Սարդարապատի հուշահամալիրում: Երեխաները տեղեկատվություն ստացան մայիսյան հերոսամարտերի մանրամասների վերաբերյալ, ծաղիկներ դրեցին հուշարձանին և հենց համալիրում` թանգարանի մուտքի մոտ, քննարկեցին հանդուրժողական դրսևորումների հնարավորությունները հետկոնֆլիկտային իրադրություններում: Դասը վարում էր պատմաբան Ռուբեն Սարոյանը:

 
 

"Հայաստանի և Ադրբեջանի Զինվորների մայրերի հանդիպում" ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 18-ին հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ սեմինար անցկացվեց Դիլիջան քաղաքում: Սեմինարը վարում էին "Զինվորի Մայր" կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը և նույն ծրագրի շրջանակներւում Թբիլիսիում կայացած հանդուրժողականության գաղափարներին նվիրված սեմինարի մասնակից Նելլի Մինասյանը:
Այս անգամ սեմինարի մասնակիցներն էին Դիլիջանի պետական բժշկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին դասախոսություն հանդուրժողական դաստիարակության վերաբերյալ, մասնակցեցին թեմատիկ խաղերին, ազատ արտահայտեցին իրենց մտքերը տարածաշրջանում տիրող իրավիճակի և հարևանների հետագա համակեցության վերաբերյալ:

 

2012թ. ապրիլի 26-ին "Զինվորի Մայր" կազմակերպությանն առընթեր գործող կրթական կենտրոնի սաները ստացան առաջադրանք. հանդուրժողականության գաղափարների և տեսակետների մասին "Բաց Նամակ" գրել հարևան երկրներում բնակվող իրենց հասակակիցներին:
Նախաձեռնությունը դուր եկավ երիտասարդներին: Նամակները շատ բազմազան էին: Այդ նամակներից ներկայացնում ենք մի քանի մեջբերում:

 

... Ես հասուն մարդ եմ և հասկանում եմ, որ ոխ պահելով ոչ մի բանի չենք հասնի: Պետք է հանդուրժող լինենք, հասկանանք միմյանց և փորձենք ռեալ դատել և մոռանալ անցյալը: Ճիշտ է դժվար կլինի, բայց կարծում եմ, որ մենք մեղավոր չենք մեր նախնիների սխալների համար: Ես առաջարկում եմ. մոռանանք անցյալը և ապրենք ապագայով ...
Աստղիկ Դալլաքյան

... Ես ցանկանում եմ մեր երկրներում տիրի կատարյալ խաղաղություն, իսկ խաղաղություն կլինի այն դեպքում, երբ մեր երկրների ժողովուրդները լինեն միմյանց հանդեպ հանդուրժող և ներողամիտ: Սա է այն անկյունաքարը, որը բոլորիս կբերի խաղաղություն: Հանդուրժողականության և ներողամտության սահմանը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են ոտնահարվել մարդու իրավունքները, պետության ու ազգի շահերը: Եթե լինենք ներողամիտ և հանդուրժող նաև ինքներս մեր հանդեպ, ապա կկարողանանք ձևավորել հասարակություն, ուր ամեն ոք իր տեղը կունենա ...
Անանյան Ջուլիետա


... Հանդուրժողականությունը և ներողամտությունը, այսօր այն արժեքներն ու մարդկային որակներն են, որոնք խեղաթյուրվել են և շատ դեպքերում համարվելով թուլության կամ ոչ տղամարդկային դրսևորում` բացակայում են մեր հասարակության մեջ: Սա հանգեցրել է նրան, որ ազգային ներքին համաձայնության, փոխադարձ հարգանքի, մեծահոգության ու սիրո դրսևորումները իրենց տեղը զիջել են կույր քննադատությանը, ատելությանը, չկամությանը և մարդկային եսասիրությանը ...
Ավագյան Գոհար

... Այսօր քաղաքակիրթ աշխարհը փորձում է յուրաքանչյուր խնդիր լուծել երկխոսությամբ և հանդուրժողականությամբ ու մենք բացառություն չենք: Մեր իշխանությունները դրա համար առաջին փոքրիկ քայլն արել են, բայց կարծում եմ, որ դրանց իսկական ու դրական արդյունքին հասնելու համար առաջին հերթին մեր ազգերը պետք է մերձենան ու հանդուրժելով հասկանան միմյանց: Այն ոխն ու ցասումը, որ մենք զգում ենք միմյանց հանդեպ, մեր մեջ նստած է մեր ծնված օրից, բայց չէ որ այն կարելի է մի կողմ դնել ու գնալ հանդուրժողականության: Այն ժամանակ, երբ հայն ու թուրքը մի պետության կազմի մեջ են եղել, աշխատել են միմյանց հետ, և ջարդի ու ցեղասպանության ժամանակ, չեմ ժխտի, եթե ասեմ, որ քիչ թուրքեր չեն եղել, որ օգնել են հայերին` մազապուրծ փրկվելու այդ արհավիրքից, որը կազմակերպել էր երիտթուրքական իշխանությունը: Պետք է մեր ժողովուրդների միջից արմատախիլ անել այդ ոխը ու գնալ փոխըմբռնման, փոխհամաձայնության և փոխզիջման: Իզուր չեն ասում` հանդուրժողականությունը կփրկի աշխարհը ...
Հակոբյան Արևիկ

... Սառնասրտւթյունը, հանդուրժողականությունը ուժեղ ու բարեկիրթ մարդու արժանիքներն են: Սիրելի իմ ընկերուհի: Այսօր ես ունեմ ազատ, անկախ, գեղեցիկ ու հեքիաթային մի երկիր` Հայաստանը` իմ հայրենիքը, որտեղ խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրում է հայ ժողովորդը: Այցելիր Հայաստան և դու կտեսնես բոլորի դեմքերին հանդուրժողականություն և հարգանք, որոնց շնորհիվ մարդն ապրում է հանգիստ: Աղոթում եմ Աստծուն ...
Համբուրում եմ` Սոնա


... Այսօր ամբողջ աշխարհում հանդուրժողականությունը այնքան էլ ընդունված չէ: Սա մեծ խնդիր է համարվում: Ես կարծում եմ, որ եթե լինի հանդուրժողականությունը, ապա մենք չենք տեսնի ջարդ, պատերազմ, անհաշտություն և մարդասպանություն ...
Սահակյան Գրետա

...Կա'ց բարով, խաղաղությա'մբ ապրիր, քո հողն ու ջուրը սրբության պես պաշտպանիր և հիշի'ր, որ մարդը մարդու հանդեպ պետք է հանդուրժող լինի առանց ազգային պատկանելության ...
Պողոսյան Սիրանուշ

2012թ. մարտի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում "Զինվորի Մայր" հասարակական կազմակերպությանը կից գործող նախապատրաստական դասընթացների ուսանողների համար տեղի ունեցավ դաս-էքսկուրսիա` "Հանդուրժողականության դաս": Մշակույթների նմանություններն ու տարբերությունները, տարբեր ժամանակների և ժողովուրդների արժեքները, անծանոթն հանդարտ ընդունելու ունակություն` սրանք էին "Հանդուրժողականության դասի" հիմնական թեմաները:

 
 

2011թ. դեկտեմբերի 9-11 Թբիլիսիում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորների ծնողների միջազգային հանդիպումը:
Այն կազմակերպել էր
"Զինվորի Մայր" հասարակական կազմակերպությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ադրբեջանական կողմից մասնակցում էր "Էլ-ցենտր" կազմակերպությունը: Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների զինվորների մայրեր եւ հայրեր, քննարկելու համար տարածաշրջանում երկկողմանի հանդուրժողականության մթնոլորտը:
Մինչ հանդիպումը ծնողներն իրենց երկրներում մասնակցել էին դասընթացների, որոնց ընթացքում ձեռք էին բերել հանդուրժողականության եւ երկկողմանի հարաբերությունների գիտելիքներ եւ հմտություններ:
Թբիլիսիում հանդիպում-թրենինգը կայացավ "Սիմպատիա" հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում: Այն վարեցին
փորձագետ Անահիտ Հովնանյանը եւ դասընթացավար Արշավիր Ղուկասյանը: Թրենինգի ընթացքում կիրառվեցին թեմատիկ խաղեր, ցուցադրվեցին հանդուրժողականության մասին տեսանյութեր:
Դեկտեմբերի 11-ին ստորագրվեց երկկողմանի Հուշագիր` տարածաշրջանում հանդուրժողականության սկզբունքների մասին:

 
 
 

2011թ. նոյեմբերի 22-ին կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ կայացան Հայաստանի հանրապետական "Զինվորի մայր" ՀԿ նախագահի արտահերթ ընտրությունները: Նոր նախագահ միաձայն ընտրվեց նախագահության անդամ, ծրագրերի համակարգող Անահիտ Հովնանյանը: Ամփոփվեցին անցած տարվա նախնական արդյունքները և նշմարվեցին եկող տարվա ծրագրերը:
2011թ. իրականացվել են զինակոչիկների և զինծառայողների իրավունքները պաշտպանող, ինչպես նաև բանակում քաղաքացիական հսկողությունն իրականացնելուն ուղղված 3 խոշոր ծրագրեր: Մոտ ժամանակի ծրագրերն իրականացնելու աշխատանքներում կընդգրկվեն երիտասարդ կամավորները, որոնցով մշտապես համալրվում է կազմակերպությունը:

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրագործվող "Մայրերի հանդիպումներ" ծրագրի շրջանակներում 2011 թվականի նոյեմբերի 16-ին "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ սեմինար` ՀՀ զինվորական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ: Դասախոսությունը վարեց ՀՀ ՊՆ Իրավաբանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Սասուն Սիմոնյանը:

 

2011 թվականի հոկտեմբերի 17-ին, Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ առաջին դասախոսությունը` հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ, որին մասնակցեցին ազգային բանակում ծառայող զինվորների մայրեր` Երևանի 4 համայնքներից:

 

2011 թվականի նոյեմբերի 10-ին, "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ երկրորդ դասախոսությունը` հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ, որին մասնակցեցին ազգային բանակում ծառայող զինվորների մայրեր` Երևանի տարբեր համայնքներից: Դասախոսությունը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ:

 


© Zinvori Mair NGO. 2005-2015. All Rights Reserves