ԾՐԱԳՐԵՐ Arian AMU, Arial AMU
eng  rus
       
ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

Հունվար, 2015թ.: "ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ" - ներառական ուսուցման կրթական ծրագիր
2015 թվականի հունվարի 1-ից, Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, մեկնարկեց կրթական ծրագիր, որի շրջանակներում զինվորականների ընտանիքների ֆիզիկական հատուկ կարիքներ ունեցող երեխաները հնարավորություն կստանան մասնակցելու արվեստի դասընթացներին: Ծրագրի նպատակն է հնարավորինս ներառել հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ, ապահովել նրանց մշակութային զարգացումը, ստեղծել բարենպաստ պայմաններ նրանց տաղանդի և կարողությունների արտահայտման համար, ինտեգրել հասարակության մշակութային կյանքում: Նպատակներից է նաև նշել ուղիներից մեկը, երբ հասարակությունը հնարավորություն կստանա լինել զինծառայող այն ընտանիքների կողքին , որոնք ունեն օգնության կարիք:
Հայաստանի "ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ" կազմակերպությունը համագործակցում է Ազգային գեղագիտական Կենտրոնի հետ, և արդեն ծրագրի շրջանակներում կենտրոն հաճախում են 30 երեխաներ: "Արտ-թերապիա" ծրագրի մասնակից 30 երեխաներն էլ ունեն ամենատարբեր ֆիզիկական խնդիրներ, ինչպիսին են վատ լսողությունը, թույլ տեսողությունը, ներքին օրգանների խնդիրները, անգեոտրոֆոնեվրոզը, սկոլիոզը, աուտիզմի և ՄՈՒԿ (ДЦП)-ի ախտանիշով հիվանդությունները: Առավել ուշադրության են արժանացել այն երեխաները, որոնք մեծանում են բազմազավակ ընտանիքներում, երկու ծնողներն էլ զինծառայողներ են, ընտանիքի երկու երեխաներն էլ ունեն առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն, և այլն: Առայժմ ծրագիրն ապահովում է Երևանամերձ զորամասերի զինծառայողների երեխաների ուսումը, սակայն ցանկացողները շատ են:
Կազմակերպությունը ծրագրի նախաշեմին ապահովեց երեխաներին անհրաժեշտ նյութերով (պայուսակներ, գուաշներ, գունավոր մատիտներ, վրձիններ, վատմաններ, թղթեր և ալյն): Ազգային գեղագիտական Կենտրոնի ուսուցիչները զինծառայողների երեխաների հետ վարում են կավագործության` Գևորգ Թադեվոսյան, Բանոյան Սոնա, նկարչության` Գայանե Վարդանյան,Կանդայան Սաթիկ, ասեղնագործության` Գոհար Միրզոյան, Միքայելյան Գայանե, երգեցողության` Արմինե Միրզախանյան, օրիգամի և ձեռարվեստ` Հրումշյան Մհեր և ազգագրության դասեր, որոնք անցնում են հետաքրքիր, համապատասխան ամեն մի տարիքային խմբի առանձնահատկությունների: Ծրագրի համակարգողն է հանդիսանում Կենտրոնի ղեկավար աշխատակից Էմմա Մուշեղի Ասատրյանը: Երեք ամիս շարունակ ուսոցիչների հետ աշխատում են նաև հոգեբան կամավորականները` Քրիստինե Հարությունյանը և Գերասիմ Հարությունյանը, ովքեր իրենց հերթին կիրառում են ամեն հիվանդությանը և ամեն երեխային բնորոշ թերապիայի մեթոդիկա:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են պարբերական բազմաթեմատիկ ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվում են երեխաների կողմից ընթացքում կատարած աշխատանքները: Եզրափակիչ ցուցահանդեսի համար արդեն պատրաստ են երեխաների մի քանի աշխատանքներ` նկարներ և կավե քանդակներ, որոնք իրենց տեղը կգտնեն տարեվերջյան հանդեսին: Ապրիլի սկզբին Հայաստանում Թուրքմենստանի Դեսպանատունը հայտարարեց մանկական նկարների մրցույթ` թուրքմենական թեմաներով: Մրցույթին մասնակցեց Զինվորի Մայր կազմակերպության "Արտ-Թերապիա" ծրագրի մասնակից 7-ամյա Յուրա Ղուլյանի աշխատանքը, որն էլ արժանացավ խրախուսական մրցանակի և հիշարժան նվերի:

Հունվար-Նոյեմբեր, 2014թ.: "ԻՐԱՎԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ"
Հայաստանի "ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ" Հասարակական Կազմակերպությունը 23 տարի զբաղվում է իրավական և կրթական գործունեությամբ, իրագործելով ծրարգրեր, ուղղված բնակչության իրազեկմանն ու տեղեկացմանը` զինվորական օրենսդրության հիմնական դրույթներին, նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը և իրավական կրթությանը:
2014թ. մեկնարկեց "Իրավական դպրոցների ստեղծումը մարզերում" ծրագիրը, որի նպատակն էր Երևանի 4 վարչական շրջաններում, ինչպես նաև Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում իրավական դպրոցների ստեղծումը, որտեղ տեղի բնակչությունը պետք է ստանա իրավական խորհրդատվություն և կրթական աջակցություն զինվորական օրենսդրության, զորակոչի, զորակոչիկների բուժզննության և զինծառայության այլ հարցերի վերաբերյալ: 
2014թ. հունվար-մարտ ամիսներին նշված տարածաշրջաններում անցան հարցազրույցներ, և ընտրվեցին ներկայացուցիչներ` դպրոցների գործունեությունը կազմակերպելու համար: Նրանք մարտ և մայիս ամիսներին մասնակցեցին կազմակերպության կողմից իրականացված երկու 3-օրյա սեմիանարներին, որտեղ ստացան անհրաժեշտ գիտելիքներ ու ձեռք բերեցին հմտություններ դպրոցը ղեկավարելու և խորհրդատվական ու կրթական գործողություններն իրականացնելու համար: Սեմինարները վարեցին զինվորական համակարգի բարձրաստիճան սպա-մասնագետներ և բժիշկներ, իրավաբաններ և հասարակական գործունեությամբ զբաղվող փորձագետներ: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ տարածաշրջանների ՏԻՄ-երի ղեկավարների հետ` դպրոցներին անվճար տարածք հատկացնելու հարցում:
Ստանալով անհրաժեշտ գիտելիքներ և համապատասխան մեթոդական գրականություն, ընտրված մասնակիցները սկսեցին իրենց գործունեությունը` դպրոցները հզորացնելու ուղղությամբ: Կազմակերպության կայքում և տեղական ԶԼՄ-ների միջոցով իրագործվեցին զանազան գովազդային գործողություններ, ինչի արդյունքում արձանագրվեց բնակչության ակտիվ հոսք դեպի դպրոցներ: 

   

2014թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին իրավական դպրոցներ այցելեցին շուրջ 620 այցելուներ, կազմակերպվեցին 5 սեմինարներ: Ճամբարակի և Ստեփանավանի դպրոցներում կազմակերպվեց ծրագրի շնորհանդես, որի ընթացքում ցուցադրվեց "Օրենքը տիկնիկների և երեխաների լեզվով" բեմադրությունը, որտեղ հայկական հեքիաթների հերոսները իրավական արդիական հարցերի պատասխաններ և պարզաբանումներ տվեցին հանդիսատեսին: Ներկայացումը համեմված էր ազգային երգ ու պարով:
Այսպիսով, ծրագրի շրջանակներում ստեղծվել և լիարժեք գործում են 4 կենտրոններ Երևանում` Արաբկիր (Մելսիդա Հովնանյան), Կենտրոն (Նելլի Մինասյան), Նոր-Նորք (Լաուրա Խանամիրյան) և Ավան (Աստղիկ Սահակյան) համայնքներում,
4 կենտրոն-դպրոցներ մարզերում` Արմավիր (ք.Արմավիր, Անահիտ Դալլաքյան), Արագածոտն (գ.Սաղմոսավան, Տաթևիկ Ավագյան), Գեղարքունիք (ք.Ճամբարակ, Էլեոնորա Պետրոսյան) և Լոռի (ք. Ստեփանավան, Լուիզա Պապիկյան):

Մարտ, 2014թ.: ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
Հայաստանի "ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ" Հասարակական Կազմակերպությունը "ՍՈՑՎԵԿՏՈՐ", "ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ", "ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ" ՀԿ-ների համագործակցությամբ, ավագ դպրոցականների, ուսանողների և ասպիրանտների շրջանակներում ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով հայտարարեց ՄՐՑՈՒՅԹ երկու անվանակարգերում՝ գիտական և ստեղծագործական աշխատանքներ:
Մրցույթի ներկայացվող աշխատանքները պետք է ունենան հետևյալ ուղղվածությունները.
- Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակ տանելու 70-ամյակը` պատմական դասերը և արդի երիտասարդության դիրքորոշումները.
- Հայ երիտասարդների հայացքները Եղեռնի 100 ամյակի և ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, երիտասարդների դիրքորոշումները ռազմահայրենասիրական ոգու բարձրացման մասին:
Աշխատանքները կքննարկվեն մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից:
Լավագույն երեք մասնակիցները կստանան արժեքավոր մրցանակներ, կլինեն նաև խրախուսական մրցանակներ:

1994 թ.-ից մինչ 2014թ. "Զինվորի Մայր" կազմակերպությանն առընթեր գործում է զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ զինծառայողների երեխաների համար կազմակերպված անվճար նախապատրաստական ֆակուլտետը բոլոր առարկաների գծով` բուհ ընդունվելու համար: Դասընթացի ունկնդիրները ուսուցում են անցնում բոլոր առարկաների գծով` պետական կրթական ծրագրերի շրջանակներում:
Նման դասընթաց 2001-2007 թվականերին գործել է նաև Ստեփանավանում: Անցած տարիների ընթացքում դասընթացներում սովորել և ավարտել են 710 մարդ: Նրանցից 420-ը արդեն ավարտել են տարբեր բուհեր, ստացել տարբեր մասնագիտության դիպլոմներ: Դասընթացներում դասավանդում են բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Դասընթացը ֆինանսավորվում է Սփյուռքի բարերարների կողմից` Հայ Օգնության Ֆոնդ կազմակերպության միջոցով:

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2011թ. հոկտեմբերի 17-ին, Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, կայացավ դասախոսություն` հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ: Այն անցկացվեց "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում: Մասնակցեցին ազգային բանակում ծառայող զինվորների մայրեր` Երևանի 4 համայնքներից:
Նոյեմբերի 10-ին, կազմակերպության գրասենյակում կայացավ նույն ծրագրի երկրորդ դասախոսությունը:
Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրագործվող "Մայրերի հանդիպումներ" ծրագրի շրջանակներում "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ սեմինար` ՀՀ զինվորական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ: Դասախոսությունը վարեց ՀՀ ՊՆ Իրավաբանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Սասուն Միքայելյանը:

 

2011-2012թ.թ.: Արդեն 10 տարուց ավել հանդուրժողականության սկզբունքների տարածումը "Զինվորի Մայր" կազմակերպության գործունեության մեջ առաջնային խնդիրներից է: Այն արտահայտվել է մի քանի ծրագրերում: Եվ բնականոն է, որ այսօր իրականացվող ծրագիրն ամբողջությամբ է նվիրված հանդուրժողականությանը:
2011թ. դեկտեմբերին Թբիլիսիում կայացավ հանդիպում ադրբեջանցի զինվորների ծնողների հետ: Ի դեպ, "Էլ-Սենտր" ադրբեջանական կազմակերպությունն մի քանի անգամ համագործակցել է մեր կազմակերպության հետ նմանատիպ ծրագրերում: Թբիլիսյան հանդիպման ժամանակ կազմվեցին հետագա համագործակցության պլանները: Հետևելով դրանց, "Զինվորի Մայր" կազմակերպությունը ձեռնամուխ է եղել հանդուրժողականության ուսուցմանը հատկապես երիտասարդների շրջանում: Անց են կացվում միջոցառումներ, ուղղված Թբիլիսիում ստորագրված Հուշագրի կետերի իրականացմանը.
"… - հաստատակամ ենք հնարավոր ամեն ինչ անել Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններում հանդուրժողականության իդեալների հաստատման համար, քանի որ այն ոչ միայն կարևոր սկզբունք է, բայց և խաղաղության ու բոլոր ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման;
- պարտավորվում ենք նպաստել հանդուրժողականության տարածմանը` օգտագործելով կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտների ծրագրերն ու հաստատությունները:"

   
   

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ

2012թ. ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև ՀՀ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական հսկման ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ ֆինանսական աջակցությամբ և հասարակական կազմակերպության ուժերով 2012թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում իրականացվեց "Զինված ուժերում բժշկական սպասարկման որակը" վերահսկողական ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ազատ հարցումների և հարցազրույցների միջոցով զինված ուժերում բժշկական սպասարկման որակի հետազոտումը, զորամասերում, զինվորական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում և զինվորական հոսպիտալներում զինծառայողների առողջական վիճակի բնորոշման, ախտորոշման և բուժման ժամանակ գործող պրակտիկաների բացահայտումը:

Ծրագրի իրագործման ընթացքում առաջ են քաշվել և լուծվել հետևյալ խնդիրները.

Կազմվեցին և լրացվեցին հարցաթերթերի 900 օրինակ` զորամասերում և հոսպիտալներում զինվորների, ենթասպաների և սպաների, ինչպես նաև զինվորական ուսումնական հաստատությունների և ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոնների կուրսանտների շրջանում հարցում անցկացնելու համար:
Կազմվեցին և լրացվեցին հարցաթերթերի 50 օրինակ` զորամասերում, հոսպիտալներում, ինչպես նաև զինվորական ուսումնական հաստատություններում և ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոններում բուժանձնակազմի հետ հարցազրույցներ անցկացնելու համար:
Կազմվեցին այցերի տեղանքների 20 ակնարկներ, որտեղ արձանագրվել են զինծառայողների ապրելու և ծառայությունն անցնելու կենցաղային, սանիտարական, տեխնիկական պայմանները, ինչպես նաև բուժօգնության, խորհրդատվության, ամբուլատոր և ստացիոնար բուժսպասարկման և անհապաղ բուժօգնության ցուցաբերելու համար նախատեսված տարածքների պայմանները:
Կազմակերպվեց 10 կամավորների նախապատրաստում` հարցումներ և հարցազրույցներ անցկացնելու լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ փոխանցելու համար:
Կազմակերվեցին և անցկացվեցին հարցումներ և հարցազրույցներ ընտրված շրջաններում. Երևանի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի մարզերում 2012թ. հուլիս և օգոստոս ամիսներին, ներգրավելով ոչ պակաս, քան 900 զինծառայողների և բժշկական ծառայության 50 բուժաշխատողների:
Մշակվել են հավաքված արդյունքները` SPSS 20 ծրագրի օգնությամբ:
Նախապատրաստվել են ֆինանսական և ծրագրային հաշվետվություններ:

Ընթացքին անմիջականորեն մասնակցում էին նախագծի 2 փորձագետներ` բժիշկն ու իրավաբանը: Հարցաշարային և հարցազրուցային թերթերում ամփոփվել է զինված ուժերում բուժսպասարկման որակի մասին բազմակողմանի տեղեկատվություն: Հարցվողներն իրենց հերթին օբյեկտիվորեն գնահատեցին բուժանձնակազմի վարքը, վերաբերմունքը զինվորներին, բուժմասերի սանիտարա-հիգիենիկ, դեղորայքի և բժշկական գործիքների պահպանման պայմանները և այլն:

Հարցումներն անցել են.
Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում, Վանաձորի և Սիսիանի զինվորական հոսպիտալներում,
Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում, Մ.Մելքոնյանի անվան Ռազմական ուսումնարանում,
Արմավիրի և Լուսակերտի ուսումնական կենտրոններում,
Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղակայված զորամասերում:

Նախնական վերլուծությունից հետո գրանցվել են հետևյալ արդյունքները.
Ստեղծված է տվյալների ինքնուրույն բազա, որը ներառում է 2012թ. ամառային շրջանում ՀՀ զինված ուժերում բուժսպասարկման որակի մասին օբյեկտիվ տվյալները:
Ամփոփվել են բազմակողմանի պրակտիկաներ, որոնք գործում են զորամասերում, զինվորական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում և զինվորական հոսպիտալներում զինծառայողների առողջական վիճակի բնորոշման, ախտորոշման և բուժման ժամանակ:
Գրանցված են որոշ կառուցվածքային և օրենսդրական բացթողումներ տվյալ ոլորտում, ինչպես նաև օրենքների և նորմատիվ ակտերի իրագործման մեխանիզմների անհամապատասխանություններ և բացթողումներ:
Ծրագրի իրագործման արդյունքում 4 մասնակից-հարցվողներ պատրաստակամություն հայտնեցին հետագա նման ծրագրերում կամավոր սկզբունքներով համագործակցելու կազմակերպության հետ:

Նախնական արդյունքների ամփոփումից հետո հիմնական առաջարկություններն են.
Հստակեցնել ժամկետային զինվորների խորացված բժշկական քննության անցկացման կարգը, առավել հստակ սահմանել միջոցառման բովանդակությունը, ծավալներն ու իրականացման մեխանիզմները, նշված հարցերի վերաբերյալ համապատասխան ցուցումներ տալ զորքերին, զինծառայողների խորացված բժշկական քննության մասին հաղորդումները ներառել զորամասերից ՌԲՎ ներկայացվող հաշվետվությունների ցանկում:
Վերահսկել զինված ուժերի բոլոր հաստիքացուցակները, որոնք օրենքով սահմանում են այդ պաշտոններում ներգրավել ոչ շարային կամ սահամնափակումով ծառայության զորակոչված, ինչպես նաև բուժումից հետո բժշկի հսկողության տակ գտնվող զինծառայողներին: Խիստ հետևել այն հանգամանքին, որ ուսումնական մասերում պատրաստվելու համար ընտրվեն համապատասխան թվով ոչ շարային և սահամանափակումով ծառայություն անցնող զինծառայողները` հետագայում օրենքով նախատեսված պաշտոններում նրանց ներգրավելու համար:
Ատամնաբուժական կաբինետների հնարավորությունների նպատակային օգտագործման համար զորամասերին հատկացնել անհրաժեշտ ատամնաբուժական դեղանյութեր:
Վերահսկել զորամասերը կարճ ժամանակում ատամնաբույժ-մասնագետներով լիարժեք համալրվելու հարցում և ստեղծել վերահսկող խումբ, որը քննության կառնի այդ վայրերում ծառայելուց հրաժարվելու փաստերը և հրաժարումների հանգամանքները: Հնարավորինս ապահովել հեռու զորամասերում ծառայող ատամնաբույժների կենցաղային և նյութական ապահովման խնդիրների լուծումը, աջակցել նրանց ընտանիքներին հարմար կացարան ունենալու, երեխաներին` հիմնական կրթությունն ապահովելու, ընտանիքի անդամներին` համապատասխան զբաղվածություն ունենալու հարցում: Նշված պայմանների առկայության դեպքում զառայությունից հրաժարվող բժիշկ ատամնաբույժների համար նախատեսել ադմինիստրատիվ և կարգապահական տույժեր, ընդհուպ մինչև ուսաման ծախսերի գանձումը, կամ որակավորումից զրկումը` անհրաժեշտության դեպքում ամրագրելով այդ իրավունքներն ու պարտականությունները հատուկ հրամանով:
Առողջապահական հարցերի և բուժծառայության կողմից իրականացվող ծառայության համապատասխան կարգի վերաբերյալ զորամասերում և զորամիավորումներում հատուկ հատկացված տեղերում տեղադրել պատշաճ տեղեկատվություն և հետևել այդ բնագավառում կատարվող շարժին` արտացոլելով այն տեղեկատվական նյութերում:
Սահմանել և վերահսկել զորամասերի բուժկետերի և հոսպիտալների շենքերի, սանհանգույցների, խոհանոցների վերանորոգումների ժամկետները և իրականացնել այդ միջոցառումները ըստ անհրաժեշտության, քանի որ նրանց սանիտարական վիճակը ուղիղ ազդեցություն ունի զինծառայողների առողջության վրա և հանդիսանում է առողջության որակի պահպանման որոշիչ գործոն: Ծրագրի բոլոր արդյունքների մասին մանրամասն շարադրված է եզրափակիչ զեկույցում:

 
2006 - 2012

2012թ: ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև ՀՀ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական հսկման ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ ֆինանսական աջակցությամբ և հասարակական կազմակերպության ուժերով 2012թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում իրականացվեց "Զինված ուժերում բժշկական սպասարկման որակը" վերահսկողական ծրագիրը:

2011թ. Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվեց "Հանդուրժողականություն" ծրագիրը:

 
 

2011թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրագործվել է մոնիթորինգ հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրման պատճառների վերաբերյալ:

2010թ. Բաց Հասարակության Հիմնադրամներ միջազգային կազմակերպության աջակցությամբ վերահրատարակվել է "Բարի ծառայություն" գրքույկը նորակոչիկների համար:

2010թ. Counterpart International Կազմակերպության աջակցությամբ իրագործվել է մոնիթորինգ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերի շուրջ: Մոնիթորինգն իրականացվել է Երևանում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Արդյունքում հրապարակվել է "Զինծառայողների ընտանիքների սոցիալական շահերի պաշտպանություն" գրքույկը:

2009-2010թ.թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրագործվել է մոնիթորինգ զորակոչի գործընթացում տեղ գտած խախտումների վերաբերյալ: Մոնիթորինգի արդյունքները քննարկվել են պարլամենտական լսումների ժամանակ: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԺ հանձնաժողովներին:

2007թ. "Եվրասիա" հիմնադրամի աջակցությամբ իրագործվել է "Միգրացիան և քաղաքացիական հասարակությունը" ծրագիրը: Նախագծի նպատակն է իրավական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել արտերկրում գտնվող այն զորակոչային և ոչ զորակոչային տարիքի միգրանտներին, որոնք խնդիրներ ունեն ՀՀ զինվորական օրենսդրական դաշտում: Ծրագրի շրջանակներում գործում է Խորհրդատվական միգրացիոն կենտրոնը, որտեղ կազմակերպության փորձագետները իրավական խորհրդատվություն են տրամադրել ավելի քան 1000 մարդու: Այդ աշխատանքների արդյունքում շուրջ 300 զորակոչիկ վերադարձել են Հայաստան` ազգային բանակում ծառայություն անցնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում տպագրվել է գրքույկ:

2006թ. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ` որպես "Անտիկոռ" հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, կազմակերպությունն իրականացրել է "Հանրային ընդունարանների ստեղծումը ՀՀ մարզերում" ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել են հանրային ընդունարաններ ՀՀ 5 մարզերում, ինչպես նաև Երևանի Արաբկիրի շրջանում, հրատարակվել է վերլուծական բրոշյուր

 
2000 - 2005

2004թ. Եվրասիա Հիմնադրամի աջակցությամբ իրագործվել է "Բնակչության իրազեկումը նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով" ծրագիրը, որի շրջանակներում "Մեր որդին և ազգային բանակը" գիրքը` ընդլայնված և նորացված, հասու է դարձել Ինտերնետ ցանցի սպառողներին:

2004-2005թ.թ. Ադրբեջանի Հումանիտար Հետազոտությունների Կենտրոնի հետ համատեղ իրագործվել է "Հույսի փոստ" տարածաշրջանային ծրագիրը, որի շահառուներն էին Հայաստանի և Ադրբեջանի փախստականները: 
Ծրագրի նպատակն էր նախկին կապերի վերականգնումը ընկերների, հարևանների, համադասարանցիների հետ:  Ծրագրի նյութերի հիման վրա տպագրված է գրքույկ:

2003-2004թ.թ. Վրաստանում Նիդերլանդների Դեսպանատան աջակցությամբ իրագործվել է "Դեպի առողջ բանակ" ծրագիրը, որի շրջանակներում կատարվել է հիվանդ զինակոչիկների ախտորոշման մեխանիզմների հետազոտում: Ծրագրի արդյունքների հիման վրա տպագրվել է "Դեպի առողջ բանակ" գրքույկը:

2003թ. Վրաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների հետ համատեղ իրագործվել է "Խաղաղարարության դասեր. լիդերների դպրոց" տարածաշրջանային ծրագիրը` Հարավային Կովկասի երեք երկրների փախստական համայնքների անդամների համար:

2002-2003թ.թ. Մեծ Բրիտանիայի Դեսպանատան աջակցությամբ իրագործվել է "Ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքները բանակում" ծրագիրը, որի շրջանակներում կատարվել են հետազոտություններ` բանակում տեղի ունեցող սպանությունների և ինքնասպանությունների վերաբերյալ: Հետազոտության արդյունքները ամփոփվել են գրքույկում:

2000-2003թ.թ. Անց է կացվել բազմամյա ուսումնասիրություն` այլընտրանքային ծառայության վերաբերյալ, իսկ 2003թ. կազմակերպվել է Միջազգային կոնֆերանս` այլընտրանքային ծառայության հիմնախնդիրների վերաբերյալ, ինչից հետո կազմակերպությունը մշտական մոնիթորինգ է իրականցնում այլընտրանքային ծառայության ոլորտում:

2000թ. Միգրացիայի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ հրատարակվել է "Մեր որդին և ազգային բանակը" գրքի ռուսերեն տարբերակը` ռուսալեզու ազգաբնակչության և` հիմնականում, փախստականների համար:

 
1995 - 1999

1999-2000թթ. "Եվրասիա" հիմնադրամի միջոցով USAID-ի ֆինանսական աջակցությամբ կատարվել է "Օրենքի իմացությունը իրավական պետության կայացման ճանապարհին" ծրագիրը: Հաշվի առնելով շահառուների պահանջը` ծրագրի շրջանակներում ևս երկու անգամ վերահրատարակվել է "Մեր որդին և ազգային բանակը" գիրքը:

1999թ. բացվել է անվճար համակարգչային դասարան զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և փախստական երեխաների համար:

1999-2002թթ. Մեծ Բրիտանիայի Դեսպանատան աջակցությամբ "Ավանգարդ" ՀԿ-ի և Հայաստանի Ժողովրդավարության Ազգային Կենտրոնի հետ համատեղ իրագործվել է "Ժողովրդավարությունը գործողության մեջ" ծրագիրը, որի շրջանակներում լույս է տեսել "Ճանաչիր զխրատ" գիրքը սպայական կազմի համար հայերեն և ռուսերեն լեզուներով:

1998թ. ՄԱԿ-ի Փախստականների Գրասենյակի աջակցությամբ իրագործվել է "ՀԿ-ի հզորացումը ՀԿ Կենտրոնի աջակցությամբ" ծրագիրը:

1998թ. Միգրացիայի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ Կազմակերպությունը Երիտասարդ իրավաբանների Միության հետ համատեղ իրագործել է "Միգրացիայի կասեցումը հանուն Հայրենիքի պաշտպանության" ծրագիրը, որի շրջանակներում տպագրվել է "Մեր որդին և ազգային բանակը" գիրքը /առաջին հրատարակությունը/:

1996թ. Կազմակերպությունը բացել է հոգեբանական վերականգնողական Կենտրոն զոհված ազատամարտիկների մայրերի համար, որի շնորհիվ կայնքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած բազմաթիվ մայրեր գոտեպնդվեցին և վերադարձան ակտիվ կյանքի:

1995թ. Կազմակերպությունը բացել է Նախնական ախտորոշման և խորհրդատվության բժշկական Կենտրոն, որտեղ անվճար ծառայություններ են մատուցվել ՀՀ ազգային բանակում ծառայող զինվորների ծնողների համար:

 
1990 - 1994

1994թ. Կազմակերպության կողմից ստեղծվել է և մինչև օրս գործում է զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և բռնագաղթված երեխաների համար կազմակերպված անվճար նախապատրաստական ֆակուլտետը:

 

1993թ. հոկտեմբերին Կազմակերպությունը անց է կացրել "Ոչ ոք չի մոռացվել" խորագրով Համաժողովը, որի արդյունքում Կառավարությանն են ներկայացվել զոհված զինվորների մայրերի և այրիների խնդիրները:

1992թ. սեպտեմբերին Երևանում Կազմակերպությունը հրավիրեց "Մայրերն ընդդեմ բռնության" Միջազգային Համաժողովը, որտեղ ընդունվեց խաղաղության համար պայքարելու կոչ պարունակող աշխարհի մայրերին ուղղված բանաձևը: Այդ բանաձևին միացան ավելի քան 40 երկրներ:

1992-93թթ. Իրանի Կառավարության հատուկ հրավերով և Կազմակերպության ջանքերով 209 ծնողազուրկ երեխաներ ձմռան ամիսներին հյուրընկալվեցին Իրանի հայ ընտանիքներում: Այդ երեխաները ներկայացված էին "Արցախ" հայրենակցական միության կողմից կազմած առավել չքավորների ցուցակներում:

1992թ. Կազմակերպության կոչով համախմբվեցին 300 կին-կամավորականներ, որոնք 16 հիվանդանոցներում խնամեցին շուրջ 2.5 հազար վիրավոր ազատամարտիկների:

1990թ. Կազմակերպությունը "Կոլցո" օպերացիայի կործանարար քաղաքականությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթերով մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորների մայրերի Համամիութենական Կոնգրեսին:

 
 


© Zinvori Mair NGO. 2005-2015. All Rights Reserves